1 / 4 | ||
Տեսանյութ |
Այս տարվա ապրիլին Լիբանան կատարած պաշտոնական այցի ժամանակ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ծանոթացել էր «Վահրամ Փափազյան» թատերախմբի ատենապետ Տրդատ Ավետիքյանի եւ թատերախմբի անդամների հետ: Տրդատ Ավետիքյանը Հովիկ Աբրահամյանին տեղեկացրել էր, որ պատրաստվում են հյուրախաղերով այցելել Երեւան: ՀՀ Ազգային ժողովի նախագահը բազմից նշել է, որ մարզերի բնակչությանը եւս պետք է ակտիվ մասնակից դարձնել թատերական եւ ընդհանրապես մշակութային կյանքին: Հիշյալ հանդիպման ժամանակ, հավատարիմ այդ գաղափարին, Հովիկ Աբրահամյանը հրավիրել էր ներկայացումներ ունենալ նաեւ մայրաքաղաքից դուրս, մասնավորապես Արտաշատում, որի թատրոնը բավականին ակտիվ գործունեություն է ծավալում:
Եվ ահա, պայմանավորվածության համաձայն, հուլիսի 8-ին Բեյրութի «Վահրամ Փափազյան» թատերախումբը հանդես եկավ Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում, ներկայացվեց Հակոբ Պարոնյանի «Շողոքորթը» կատակերգությունը` Երվանդ Ղազանչյանի բեմադրությամբ: Ներկայացումը դիտեց նաեւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ինչպես իր խոսքում նշեց Երվանդ Ղազանչյանը, Հովիկ Աբրահամյանի հովանավորությամբ շուրջ 10 տարի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում բեմադրվում է «Ատամնաբույժն արեւելյան» կատակերգությունը: Հովիկ Աբրահամյանն առայժմ այն միակ պետական գործիչն է, ով թատրոնի նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար արժանացել է ՀՀ թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակին:«Շատ հեշտ է տեր լինել,բայց ոչ մեկի մտքով չի անցնում, որ նախ պիտի ծառա լինել, հետո` տեր: Եթե ուզում ես տեր լինել, պիտի շատ մեծ ծառա լինես: Ահա այդպիսի մարդ է պարոն Աբրահամյանը»,- ասաց Երվանդ Ղազանչյանը:
«Վահրամ Փափազյան» թատերախմբի ատենապետ Տրդատ Ավետիքյանն իր երախտագիտությունը հայտնեց ՀՀ Ազգային ժողովի նախագահին` հրավերի համար.«Շնորհակալ ենք, որ այս առիթը ընձեռեց մեզ: Նրա շնորհիվ է, որ հիմա Արտաշատում ենք»: Մշակույթի հանդեպ հոգատար վերաբերմունքի եւ ուշադրության համար թատերախմբի ատենապետը հուշանվեր հանձնեց ՀՀ Ազգային ժողովի նախագահին:
1997 թվականին Արտաշատի թատրոնի շենքը Հովիկ Աբրահամյանի հովանավորությամբ վերանորոգվեց: «Մեր մտերմությունը այս թատրոնի հետ շարունակվում է,- իր խոսքում ասաց Ազգային ժողովի նախագահը: -Մենք դեռեւս անելիքներ ունենք այս թատրոնում: Դահլիճը նորից վերանորոգման կարիք ունի»: Խորհրդարանի ղեկավարը խոստացավ լուծել այդ խնդիրը: «Ես ոչ մի րոպե ձեզ չեմ մոռանում, սիրելի արտաշատցիներ, եւ մարզին: Արտաշատին ու նրա տարածաշրջանին վերաբերող յուրաքանչյուր խնդիր իմ ուշադրության կենտրոնում է, քանի որ ես այստեղից ընտրված պատգամավոր եմ : Մենք պարտավոր ենք պահպանել մեր կապը ժողովրդի հետ»:
Անդրադառնալով լիբանանահայությանը (հիշեցնենք, որ «Վահրամ Փափազյան» թատերախումբը ներկայացնում է Բեյրութը )` ԱԺ նախագահը նշեց, որ Լիբանան այցի ընթացքում հանդիպելով այդ երկրի նախագահի, խորհրդարանի ղեկավարի, վարչապետի հետ, զգացել է , որ նրանք բոլորը շատ գոհ են մեր հայրենակիցներից: «Ինձ համար մեծ պատիվ էր, որ Լիբանանի իշխանությունները շատ հարգանքով էին վերաբերվում մեր հայրենակիցներին»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: ԱԺ նախագահը շատ տպավորված էր նաեւ լիբանանահայերի հայրենասիրական զգացմունքներից, որոնց առնչվել էր իր այցի ընթացքում, հատկապես Այնճար բնակավայրում:
Լեփլեցուն դահլիճում հանդիսատեսը ջերմությամբ եւ ոգեւորությամբ ընդունեց Երվանդ Ղազանչյանի ռեժիսորական աշխատանքն ու դերակատարների խաղը: